Խալտուրա

Նախ, ինչո՞ւ «Խալտուրա»: «Սովետական շրջանում պետությունը ազգաբնակչության գեղագիտական ճաշակը բարձրացնելու եւ քարոզչական աշխատանք տանելու նպատակով մեծ գումարներ էր հատկացնում գործարաններում եւ պետական հիմնարկներում միջանցքներն ու կաբինետները գեղանկարչությանբ «զարդարելու» համար… դրա համար նկարիչների միությանը կից գործում էր գեղարվեստական կոմբինատը. դա իրական կոմբինատ էր՝ նկարներ, պլակատներ եւ պոլիտբյուրոյի դիմանկարներ ստեղծելու համար: Նկարիչների շրջանում այդ կերպ գումար վաստակելը կոչվում էր «խալտուրա անել»: Որոշ նկարիչներ միայն դրանով էին զբաղվում: Իրենց անվանում էին «խալտուրշիկ»:

Կարեն Օհանյանի «Խալտուրա» ցուցահանդեսը, արվեստասերների մոտ կարող է երկակի տպավորություն թողնել: Մի կողմից, մենք տեսնում ենք խորհրդային շրջանի կտավներ, որոնք թեեւ թանգարանային արժեք չեն հանդիսանում, այնուամենայնիվ (անկախ որակից) արվեստի գործեր են, մյուս կողմից տեսնում ենք որոշակի նորարարություն՝ թարմ շունչ հաղորդված հին կտավներին: Այդ կտավները, Կարեն Օհանյանը գտնում է մի լքված գործարանում եւ որոշում է կյանք տալ դրանց: Նկարիչը նկարները շատ չի փոփոխում, հիմնականում ավելացնում է մի քանի վրձնահարված¬ գործերին տալով որոշակի գունային բներանգ (կոլորիտ): Մի տեղ նա փակում է Լենինին հիշեցնող կերպարի դեմքը¬ ասես գիծ քաշելով սոցռեալիզմի վրա, մի տեղ եկեղեցին ծածկում է վառ դեղին լույսով, որն ասես երկնքից է իջնում:

Կտավներից չորսը՝ բնանկարներ էին, մեկը¬ Ստեփան Շահումյանի դիմանկարը, մյուսը¬ խմբակային պորտրետ: Բնանկարներ մեր արվեստում շատ են հանդիպում, եւ ամեն բնանկար չէ, որ կարելի է բարձր արվեստի գործ անվանել: Շահումյանն ասես կեղծամ դրած լինի, մազածածկ ճակատը գլխի մազերից մի գիծ է բաժանում, ինչից էլ ստեղծվում է այդ էֆեկտը: Նկարիչն այդ կտավի, սպիտակ ֆոնին մի փոքրիկ կարմիր հատված է ավելացրել, Շահումյանի պատմությանը ծանոթ ընթերցողին դա շատ խորհրդանշական կթվա: Ուստի նկարչի այս ցուցադրությանը պետք չէ քննադատաբար մոտենալ: Ժամանակն առաջ է շարժվում, արվեստը¬ նույնպես: Հայ ժամանակակից արվեստը դեռ շատ վաղուց է ընդվզել սոցռեալիստական գաղափարախոսության դեմ, իսկ այս ցուցադրությունն, այդ ընդվզման հերթական օրինակն է՝ ներկայացված «Սարգիս Մուրադյան» ցուցասրահում:

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ
Արվեստաբան, ԺԱԹ ավագ գիտաշխատող